Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն.ՊԵԿ-ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ


Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն.ՊԵԿ-ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ

  • 09-09-2021 15:31:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։ 
 
Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն: Այսինքն՝ ապրանքը մաքսազերծելիս տնտեսվարողը կամ նրա ներկայացուցիչն այլևս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու․ թղթաբանությանն ու մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։ 
 
Նախատեսվում է, որ կարիքների և միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։
 
Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող փաստաթուղթ։
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն