Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ


Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

  • 09-09-2021 16:24:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:
 
Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն: Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ խոշոր եղջերավորի ոսկորները ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի ամբողջական բեկորներ: 
 
Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին: 
 
Վերոնշյալ շինարարական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ:
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն