Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձնելուն


Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձնելուն

  • 09-09-2021 17:37:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից: 
 
Երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին միջխորհրդարանական փոխգործակցությունը որակապես նոր փուլում է, ակտիվացել են փոխայցերը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ նոր գումարման Ազգային ժողովն իր գլխավորությամբ կշարունակի կյանքի կոչել համագործակցության խորացմանը միտված բոլոր պայմանավորվածությունները: Օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում ընդգծվեց բարեկամական խմբերի դերակատարությունը:
 
Անդրադառնալով միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը` Ալեն Սիմոնյանն ընդգծեց շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը փաստեց, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարեւորում է նաեւ երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջեւ աշխատանքային կապերը:
 
Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի համար:
 
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Շվեդիայի հետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը` նշելով, որ այդ հարցում մեր երկիրն ակնկալում  է Շվեդիայի աջակցությունը:
 
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան: Նա կարեւորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններին` Անդրեաս Նորլենը շնորհավորեց ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրեաս Նորլենը պատրաստակամություն հայտնեց ներդնելու բոլոր ջանքերը Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման գործում ոչ միայն երկկողմ, այլեւ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին` փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների եւ համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերով տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն եւ խնդրեց գործընկերոջը նպաստել պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն