20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար


20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

  • 10-09-2021 17:49:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:
 
«Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական ՀՀ դրամի չափով»,- հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:
 
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձի համար Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
 
Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի տարբեր մասերով:
 
Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
 
20 մեղադրյալներից 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքրի 72-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված` գործուն զղջալու հիմքով, իսկ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն