Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

  • 10-09-2021 21:07:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Բարնաբաս» միջազգային հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդեոյին, տիկին Ռոզմարի Սուքդեոյին, հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Քարոլին Քըրսլեյքին և հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Բորիս Կոստինին:
 
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ նրանց մասնակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովին ևս մեկ անգամ վկայում է վերջիններիս բարեսեր վերաբերմունքը Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ հատկապես այս դժվարին օրերին:  
 
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունը հայտնեց «Բարնաբաս» բարեգործական  հիմնադրամին՝ տեղահանված արցախցիներին օգնելու և Իզմիրլյան  ԲԿ-ում 44-օրյա  պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական կենտրոնի ստեղծման համար։
 
Հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդեոն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ հաստատելով, որ նմանօրինակ բարեգործական ձեռնարկները շարունակական բնույթ են կրելու ի նպաստ Արցախի և Հայաստանի: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն