Վրաց-ռուսական սահմանին սկսվել է տարածաշրջանում ամենամեծ թունելի շինարարությունը


Վրաց-ռուսական սահմանին սկսվել է տարածաշրջանում ամենամեծ թունելի շինարարությունը

  • 11-09-2021 10:29:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է անվանել Վրաստանն ու Ռուսաստանը կապող ճանապարհին 9-կիլոմետրանոց թունելի և Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որը Ժինվալի-Նաթախթարի հատվածի բացումից հետո հնարավորություն կտա Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
 
Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով էլ ճանապարհը փակվում է: Վրաստանն ու Ռուսաստանը կապող վրացական ռազմական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա, որ հայ փոխադրողները ևս այլևս օրեր շարունակ չմնան Վերին Լարսի անցակետի ճանապարհին:
 
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ տարեկան հարյուր օր այս ճանապարհը փակ է: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ բնակչության և ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին Քվեշեթի-Կոբի 9-կիլոմետրանոց թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:
 
Տաթև Ֆռանգյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը