Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին


Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին

  • 11-09-2021 10:53:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում  պատասխանել է ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին. 
 
«Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։
 
Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։
 
Հարց. Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների:  
 
Պատասխան. Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։ 
 
Հարց. Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչու պետք է պատվաստվել:
 
Պատասխան. Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։
 
Հարց. Արդյոք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին:
 
Պատասխան. Այո պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։ 
 
Հարց. Ինչու են պատվաստումները պարտադրվում:
 
Պատասխան. Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։
 
Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։
 
Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։
 
Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին։»
 
Շարունակելի...
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն