Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը


Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

  • 11-09-2021 17:35:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
 
Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։
 
Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը գյուղատնտեսության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
 
Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում կողմերը ընդգծել են ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման շուրջ համագործակցության կարևորությունը։
 
Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները։ Շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
 
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նաև նիդերլանդական կողմի դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունումը:
 
Միևնույն ժամանակ, նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները և ագրեսիվ հռետորաբանությունը պետք է ստանան միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն