Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք աշխատանք են տանում․ Հայկ Կոնջորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին


Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք աշխատանք են տանում․ Հայկ Կոնջորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին

  • 13-09-2021 12:57:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Ես կսահմանափակվեմ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի։ Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված խնդրի մասին հարցերին։
 
Հարցին, թե՞ ճիշտ է, որ ճանապարհին ոստիկականական կետ դրած ադրբեջանցիները Հայաստան մուտք գործող իրանական բեռնատարներից գումարներ են գանձում, Հայկ Կոնջորյանը չպատասխանեց։ «Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք այս մասին աշխատանք են տանում։ Երբ որ կլինեն այլ հաղորդագրություններ, այդ ժամանակ մենք բոլորս կծանոթանանք և եթե անհրաժեշտություն լինի, հանդես կգանք հայտարարություններով։ Ավելին, դուք այսօր տեսաք, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի ԱԺ-ում փակ քննարկում արվի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ նախագահն էլ առաջարկեց գրավոր դիմել, մենք քննարկենք, հասկանանք։ Եթե հանդիպումը կայանա, ապա պետք է հրավիրենք համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր քննարկման ժամանակ ինֆորմացա կներկայացնեն»,- նշեց նա։
 
Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանցիներն ամիսներ շարունակ ներխուժել են ՀՀ տարածք, Հայկ Կոնջորյանը ասաց․ «Միանշանակ է, որ կառավարությունը և իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ըստ էության սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի։ Եվ մյուս կողմից, սակայն, դուք գիտեք, որ այս տարի լրանում է ՀՀ անկախության 30 ամյակը, և մենք՝ որպես պետություն, չնայած անցնելով ծանր դժվարությունների միջով և ունենալով պատերազմի ծանր հետևանքները, այդուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը։ Նման միջոցառումներով նաև մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք հայտնում նախևառաջ մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի, և մենք ամեն բան պիտի անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը