Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ


Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ

  • 13-09-2021 14:53:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այգիներ՝ շների համար
 
Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:
 
 «Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
 
Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ: Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար: Առաջին անգամ նախաձեռնվող այս ծրագիրն իրագործելու նպատակով համայնքը համագործակցում է ոլորտի մասնագետների հետ:
 
«Այս զբոսայգիները կառուցելիս մենք համագործակցում ենք մասնագետների հետ, նաև շնասերների հետ, որպեսզի ստանանք հնարավոր լավագույն տարբերակը, որը կլինի և անվնաս, և հարմար շների վարժանքի ու զբոսանքի համար»,-ասում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
 
«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսել ենք շների վարժանքի համար նախատեսված սարքեր, առարկաներ: Ուրախ ենք, որ համայնքը համագործակցում է այս գաղափարն իրագործելու համար: Այգին երկարատև ժամանցի համար հետաքրքիր կլինի»,- ընդգծում է կենդանիների պաշտպանության «Շունչ» հիմնադրամի նախագահ Արեգ Գինոսյանը:
 
Վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում, ի դեպ, փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքները կլինեն առանձնացված:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play