«Իրանցի վարորդներն արդեն ասում են, որ կհրաժարվեն փոխադրումներից, եթե շարունակեն գումար պահանջել»


«Իրանցի վարորդներն արդեն ասում են, որ կհրաժարվեն փոխադրումներից, եթե շարունակեն գումար պահանջել»

  • 13-09-2021 18:09:13   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցիները խոշոր գումար են պահանջում իրանական բեռնատարների վարորդներից։ Այս մասին Lragir.am-ին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ նշելով, որ իրանցի վարորդները դժգոհում են ստեղծված իրավիճակից։
 
«Թուրքը պոստը դրել է, ստուգում է Իրանից եկող մեքենաները։ Հայկական մեքենաները չեն ստուգում առայժմ, իսկ Իրանից եկած մեքենաներն ու փաստաթղթերն ստուգում են։ Իրանցի վարորդի բառերն եմ կրկնում՝ ասել են՝ մինչև մուծում չանեք, մյուս անգամ չգաք»,- նշեց Կարո Քոչարյանը։
 
Նա հավելեց, որ ադրբեջանցիները գնացուցակ են սահմանել Իրանից Հայաստան մտնող բեռնատարների համար՝ 30 դոլար փաստաթղթերի գրանցման համար են պահանջում, 130 դոլարի՝ ճանապարհի համար։ Մեծ մեքենաների համար սահմանել են 260 դոլար, իսկ վառելիքաքսուկային նյութերի տեղափոխման համար՝ 500 դոլար վճար։ «Այսինքն՝ տամոժնյա են սարքում էլի, ռաստամոշկա են անում»,- հավելեց Քոչարյանը։
 
Նա նշեց, որ չի տիրապետում տեղեկատվությունը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ինչ աշխատանք է տանում խնդրի լուծման ուղղությամբ։ Ըստ փոխքաղաքապետի՝ ստեղծված իրավիճակը լավ զարգացումների չի տանի, իրանցի վարորդներն արդեն ասում են, որ կհրաժարվեն փոխադրումներից․ «Իրենք արդեն ասում են՝ մենք կհրաժարվենք փոխադրումներից, եթե շարունակեն պահանջել գումար մուծել»։ Կարո Քոչարյանի խոսքով՝ «ես լավ բան չեմ տեսնում, քանի որ երեք գյուղ ունեմ այդ հատվածում, չհաշված Կապան-Մեղրի գնացող մեքենաները։ Գիշերվա մեջ ինչ կլինի, ցերեկը ինչ կլինի, ոնց կլինի, չգիտեմ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը