Ադրբեջանը չունի խաղաղության օրակարգ. Իրանին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվի առանց դադարի


Ադրբեջանը չունի խաղաղության օրակարգ. Իրանին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվի առանց դադարի

  • 13-09-2021 20:38:19   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի նպատակը Հայաստանի նկատմամբ անփոփոխ է. կազմաքանդել Հայկական պետությունը։ Այդպես էր/է թե՛ Արցախյան պատերազմից առաջ, թե՛ հիմա։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը չունի խաղաղության օրակարգ, որի մասին են վկայում նրա գործողությունները։ Նրա օրակարգը բոլոր հնարավոր միջոցներով (նպատակն արդարացնում է միջոցները) Հայաստանի հնարավորությունները փակելն է։ Այդ նպատակին են ուղղված նաև իրանական բեռնատարների նկատմամբ ոտնձգությունները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի իրենց վերահսկողոթյան տակ գտնվող հատվածում։ Չէ որ օրեր առաջ էր, երբ Վրաստանում քննարկվում էր Սև ծով-Պարսից ծոց (Վրաստան-Հայաստան -Իրան) եռակողմ ռազմանավարական նախագիծը, որն ուղղակիորեն հակասում է թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական շահերի։ Ռուսները նույնպես խանդավառ չեն, քանի որ այդ ծրագրի գործարկումը կթուլացնի առնվազն Հայաստանի և Վրաստանի կախվածությունը, ինչպես նաև կհավասարակշռի տարածաշրջանում բազմակողմ շահերը։ 
Հետևապես` ադրբեջանական կողմն ամենևին հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգ չունի, քանի որ ապաշրջափակված Հայաստանն արդեն կոմունիկացիոն և տրանզիտային մրցակից է և հակառակորդ։ Ուստի Ադրբեջանն անելու է ամենը ցանկացած գործընթաց, որը կհամապատասխանի Հայաստանի շահերին, վիժեցնելու համար։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն էլ ավելի ինտենսիվ պիտի աշխատի առնվազն Վրաստանի և Իրանի հետ, մասնավորապես` Իրանին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվի առանց դադարի (24 ժամ շարունակ) և այն պետք է պատրաստ լինի անհավանական ժամկետներում։ Մենք այլ տարբերակ այդ հարցում չունենք։
Այս ֆոնին չի բացառվում, որ Ադրբեջանը դիմի նաև ռազմական արկածախնդրության, ինչին նույնպես պետք է հրատապորեն պատրաստվել։ Իսկ այս ընթացքում տարբեր պաստառներով Հայաստանի ինքնիշխանության աճուրդի գովազդատուները պետք է համընդհանուր պարսավանքի ենթարկվեն, քանի որ նրանց խնդիրը մեզ համոզելն է, որ մենք այլևս ինքնուրույն ոչնչի պիտանի չենք, առավել ևս` անկախ լինելու։ Սակայն անկախության նույնիսկ ամենափոքր պատառիկը մեզ համար կենսական կարևորություն ունի։
Եթե գլխում մեռնում է անկախությունը, այն մեռնում է նաև իրականում։ Անկախությունը հեշտ չէ պահելը, բայց դրանից կամովին հրաժարվելն անողնաշարություն է, որն էլ կոտրում է պետության ողնաշարը։
Աշխատել է պետք, անդադար աշխատել...
 
քաղաքագետ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական