ՀԱՊԿ առաջնային խնդիրն իր անդամներին ուղղված սպառնալիքներին դիմակայելն է


ՀԱՊԿ առաջնային խնդիրն իր անդամներին ուղղված սպառնալիքներին դիմակայելն է

  • 15-09-2021 12:41:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը մեկ տարով՝ 2021-2022 թթ., կստանձնի կազմակերպության նախագահությունը: Սովորաբար ՀԱՊԿ նախագահությունն ստանձնած պետության ղեկավարներն առանձնահատուկ ներկայացնում են սեփական երկրի առաջնահերթությունները, որոնց լուծումներն ապահովվելու են նաեւ այդ ռազմաքաղաքական միավորի շրջանակներում: Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներն իրականացվում են նաեւ այս ռազմաքաղաքական միավորման միջոցով, որի լիիրավ անդամն է Հայաստանը հիմնադրման՝ 1992 թվականից:
 
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ՀՀ անվտանգության համակարգի նոր սպառնալիքները՝ ՀՀ վարչապետը կներկայացնի ՀԱՊԿ գործողությունների եւ արագ արձագանքման արդյունավետության բարձրացման նոր առաջարկներ ու մեխանիզմներ: Մասնավորապես, ակնկալվում է, որ առանձին քննարկման առարկա կդառնան ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը եւ ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգը: Պայմանագրի այդ հոդվածը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրի կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը սպառնալիքի դեպքում իրականացնել համարժեք գործողություններ:
 
Կազմակերպությունն այս խնդրին առնչվեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի ժամանակ, երբ առկա է ուղիղ սպառնալիք մեր երկրի անվտանգությանը եւ ինքնիշխանությանը: Հայաստանի Հանրապետությունն այս հարցով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ առաջարկելով կազմակերպության առկա գործիքակազմով արձագանքել մեր սահմաններին ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանները խախտելու փաստերին: Պայմանագրի այդ կետով ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ ռազմական գործողություններին, այլ նաեւ ՀԱՊԿ անդամի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում:
 
Պայմանագրի ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ չկան, խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացների շրջանակներում է: Այս խնդրին ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքն առերեսվեց Աֆղանստանի օրինակով: Վերջինիս դեպքում ՀԱՊԿ-ն արդեն իրականացնում է կանխարգելող գործողություններ՝ տաջիկաաֆղանական սահմանի մոտ համատեղ զորավարժություններ անցկացնելով եւ Տաջիկստանի զինված ուժերին նորագույն ռադիոհետախուզական ու այլ տեխնիկա հատկացնելու միջոցով: ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ կետին համապատասխան՝ իրավիճակները նորություն էին այս կազմակերպության համար, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին այն լինելու է օրակարգային առաջին հարցերից մեկը:
 
Այսօր իրենց սահմաններին ակնհայտ սպառնալիքներ են տեսնում ՀԱՊԿ մյուս անդամները՝ Բելառուսը եւ ՌԴ-ն: Միանշանակ է, որ պայմանագրի այդ կետի կարգավորման խնդիրները, արձագանքման գործողությունները հիմնարար քննարկման եւ գործնական լուծումներ նախատեսող մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն են զգում:
 
Հայաստանն այսօր շահագրգռված է վերոնշյալ խնդրի լուծմամբ, եւ, ստանձնելով  կազմակերպության նախագահությունը, այդ ուղղությամբ առաջարկությունները լիովին օրինաչափ կլինեն: Այդ ամենի համատեքստում ցանկալի կլինի ՀԱՊԿ  զորավարժությունների անցկացումը ՀՀ-ում, մասնավորապես, Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը ՀՀ սահմանների մոտ գրեթե ամենամսյա զորավարժություններ է իրականացնում: Նման իրավիճակում մեծ կարեւորություն է ստանում նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ին նորագույն սպառազինության տրամադրումը՝ դիմակայելու կազմակերպության անդամ պետությունների սպառնալիքներին, որոնք առկա են ինչպես Աֆղանստանին հարակից տարածքներում, այնպես էլ Անդրկովկասում, Բելառուսի ու ՌԴ-ի արեւմտյան սահմաններին: Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, որը եւ ներկայումս առաջնային դիտարկվում է անդամ պետությունների փոխհարաբերությունները կազմակերպելիս: Այդ կետում ասվում է. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
 
Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք նստաշրջանում կընդունվեն Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, խաղաղապահ գործողություններ իրականացնելուն վերաբերող փաստաթղթեր, որոնք ապահովում են ՀԱՊԿ հավաքական ուժերի գործունեությունը եւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով վերազինումը:
 
Ռազմական եւ անվտանգային բաղադրիչներով ՀԱՊԿ-ի հետ անքակտելի կապի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար այդ կառույցի զարգացումն ու հզորացումը, նրա շրջանակներում գործողությունների մշակման եւ իրականացման մեխանիզմների կատարելագործումը մեր երկրի առաջնահերթություններից են: Հետեւաբար, սպասվում է, որ իր նախագահության մեկ տարին Հայաստանը կօգտագործի առավելագույն արդյունավետությամբ՝ նպաստելով հատկապես Հարավային Կովկասի անվտանգությանը եւ առկա սպառնալիքներին այս կարեւորագույն ռազմաքաղաքական միավորի հակազդելու կենսունակության բարձրացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը