Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով


Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով

  • 15-09-2021 13:53:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ անցկացվելիք փակ նիստին իշխանությունը ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով, սակայն դեռ պարզ չէ, թե այն երբ կկայանա, ընդդիմությունը դժգոհում է իշխանության որոշումների կայացման արագությունից:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
 
«Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, Դատախազության և ՄԻՊ-ի, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան»,- ասաց Օհանյանը:
 
Ընդդիմությունն առաջարկել էր սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից առաջ՝ 14:00-ին հավաքվել, քննարկել: «Բայց այսօր մենք տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա, և իրենք առաջարկում են, որ վերջնական համադրումն իրականացնեն»,- ասաց Օհանյանն ու հավելեց՝ կարծում  է, այսօր չի լինի այդ հանդիպումը:
 
Թե նիստը երբ կկայանա, նա չգիտի: «Հայաստան» խմբակցության ղեկավարը բողոքեց իշխանության որոշումների ընդունման արագությունից:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
 
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը