Ռուսաստանը մտնում է անորոշության փուլ․ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խոսում են ստատուս քվոյի վտանգավորության մասին


Ռուսաստանը մտնում է անորոշության փուլ․ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խոսում են ստատուս քվոյի վտանգավորության մասին

  • 15-09-2021 17:47:38   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Մոսկվան ուշադիր հետեւում է խաղաղ պայամանագրի ստորագրման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Երեւանի եւ Բաքվի քննարկումներին, անցած շաբաթ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Քաղաքական հարցերով սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են, ահա թե ինչու այս շրջանում առաջնահերթ ենք համարում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 2011 թ․ հունվարի 11-ի բարձրագույն մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների անհապաղ կատարումը», ասել էր նա։
 
«Տարաձայնությունների» մասին խոսում են նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք միանշանակ հայտարարում են, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, ուրեմն՝ հակամարտությունը կարգավորված չէ։ Նրանք կոչ են անում վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչին դեմ է Ռուսաստանը։ Մոսկվան փորձում է «սառեցնել» իրավիճակը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պնդում են «քաղաքական կարգավորումը», իսկ Բաքուն ու Անկարան՝ «խաղաղ պայմանագրի ստորագրում»։ Նկատենք՝ այս ամենի մեջ չկա Հայաստանը, թեկուզ հենց նրա ստորագրությունից է ամեն ինչ կախված։
 
Դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը ստատուս-քվոն վտանգավոր է համարում։ Վտանգն իրոք իրական է՝ Թուրքիան ու Ադրբեջանը բանակի համատեղ շտաբ են ստեղծել, վարժանքներ են անցկացնում, Բաքուն հայ-իրանական միջպետական ճանապարհի վրա «մաքսակետ» է բացել եւ վարորդներից փող են շորթում։
 
Պատասխանելով հակամարտության չլուծված լինելու մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, Բաքուն «սպառնացել է», որ դա կարող է բացասական անդրադառնալ «Մինսկի խմբի հետահա գործունեության վրա»։ Սակայն ակնհայտ է, որ Բաքուն «Մինսկի խմբի գործունեության» վրա ազդելու լծակ չունի, հակառակ դեպքում վաղուց հասած կլիներ դրա փակմանը։ Միակ «լծակը» Մոսկվան է։
 
Ինչքա՞ն է Մոսկվան ձեւացնելու, որ «կողմ է Մինսկի խմբի շրջանակներում կարգավորմանը, սակայն դեռ ժամանակը չէ»։ Սեպտեմբերի 17-19-ին Ռուսաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, եւ փորձագետները չեն բացառում ներիշխանական կլանների բախումները եւ ցնցումներն իշխանության անցման շրջանում։ Պուտինի մերձավոր գեներալի տարօրինակ մահը, Պուտինի որոշումն՝ անցնել ինքնամեկուսացման, շատերը գնահատել են այդ համատեքստում։
 
Չի բացառվում, որ, խոսելով «ստատուս քվոյի վտանգավորության» մասին, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նկատի ունեն, որ թույլ չեն տալու «անորոշության» պայմաններում իրավիճակն անշրջելի դարձնելու փորձերը։ Երեկ ՀՀ Սյունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ նոր փոխդեսպան Չիփ Լայթինենին։ Դեսպան Թրեյսին ցանկացել է, որ առաջին այցը կատարենք Սյունիքի մարզ, նկատի առնելով այդ մարզի առաջնահերթությունը դեսպանատան աշխատանքի համար, ասել է Լայթինենը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը