Շոշում ընթանում են պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներ. համայնքի ղեկավար


Շոշում ընթանում են պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներ. համայնքի ղեկավար

  • 15-09-2021 18:53:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքը 600 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացող չի եղել:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքապետ Էրիկ Աբրահամյանը:
 
«Պատերազմից հետո գյուղում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել. ևս 15 տուն վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել այլ ընտանիքների: Պատերազմի ընթացքում գյուղում շուրջ 100 տուն է վնասվել: Այս պահի դրությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Դպրոցում սովորում է 99 աշակերտ, 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են։ Դպրոցի և մանկապարտեզի շենքային պայմանները լավ են: Մանկապարտեզն ունի 29 սան: Ունենք համայնքային կենտրոն, որտեղ գործում է բուժկետ, ակումբ, գրադարան, հանդիսությունների սրահ: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,- նշեց Է.Աբրահամյանը՝ որպես խնդիրներ՝ առանձնացնելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը և ջրամատակարարումը։
 
Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 8 համագյուղացի է զոհվել, 2֊ն էլ վիրավորվել են։
 
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 75%֊ն անցել թշնամու տիրապետության տակ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը