Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է


Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է

  • 16-09-2021 14:15:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Տրոյական ծածկագրող ծրագրերը 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,10%, իսկ Ադրբեջանում՝ 0,23%։
 
2020-ի ապրիլ-հունիսին ծածկագրող-շորթող տրոյական ծրագրերի գրոհների բախվել է Հայաստանում գտնվող օգտատերերի 0,36%-ը, Վրաստանում այդ օգտատերերի մասնաբաժինը կազմել է 0,23%, իսկ Ադրբեջանում՝ 0,33%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2021-ի երկրորդ եռամսյակում այդ վնասաբեր ծրագրերն ամենից շատ գրոհել են Բանգլադեշում (1,85%), Եթովպիայում (0,51%) և Չինաստանում (0,49%) գտնվող օգտատերերին:
 
2021-ի ապրիլ-հունիսին ընկերության լուծումներն աշխարհում հայտնաբերել են ծածկագրող-շորթող ծրագրերի 14 նոր ընտանիք և այդ տիպի վնասաբեր ծրագրերի 3905 նոր մոդիֆիկացիա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ հայտնաբերվել էր 4 406 նոր մոդիֆիկացիա։
 
Ծածկագրող ծրագրերով վարակման գործնականում բոլոր դեպքերը տեղի են ունենում նույն սխեմայով։ Օգտատիրոջը կամ կազմակերպության որևէ աշխատակցի գալիս է վնասաբեր ծրագրով նամակ։ Ստացողը, սպառնալիքը չնկատելով, գործարկում է վնասաբեր ծրագիրը, որն օգտագործում է օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրի խոցելիությունները (հաճախ՝ վաղուց հայտնի) և ծածկագրում տվյալները։ Երբեմն (կրկին հայտնի խոցելիությունների միջոցով) այն տարածվում է կազմակերպության տեղային ցանցի բոլոր համակարգիչներ։ Ծածկագրող տրոյացիներով վարակումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին նորացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին, օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք ի զորու են արգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ դեռևս չհայտնաբերված ծածկագրող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել, որ նրանք ճանաչեն չարագործների կողմից օգտագործվող սոցիալական ինժեներիայի հնարքները և պաշտպանվեն դրանցից։
 
Ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել տվյալներին հասանելիությունը վերականգնելու համար, քանի որ դա չի երաշխավորում հասանելիություն ստանալը, սակայն հաստատ կդրդի չարագործներին, որ նրանք  հետագայում ևս տարածեն վնասաբեր ծրագիրը։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին հայտնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե հատկապես որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ծածկագրումը բացելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ