Օրերս կշրջեմ համայնքի բնակավայրերում, մանրամասն կծանոթանամ խնդիրներին. Գեղարքունիքի մարզպետը՝ բնակիչների ակցիայի մասին


Օրերս կշրջեմ համայնքի բնակավայրերում, մանրամասն կծանոթանամ խնդիրներին. Գեղարքունիքի մարզպետը՝ բնակիչների ակցիայի մասին

  • 16-09-2021 20:21:30   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Առավոտից Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը։ Նրանք երկու պահանջ ունեին՝ նախ դեմ էին համայնքների խոշորացմանը, երկրորդ՝ պահանջում էին լուծել սահմանի անվտանգության հարցը։
 
Նշենք, որ Գեղամասար համայնքի մեջ մտնում է 18 գյուղ: Համայնքի խոշորացմամբ այն մտնելու է Վարդենիսի մեջ:
 
Գյուղացիների պնդմամբ՝ համայնքի խոշորացումը մի շարք խնդիրների առջև է իրենց կանգնեցնելու: Բնակիչներին նաև անհանգստացնում է անվտանգային հարցը: Ասում են՝ «թուրքի» լույսերը տեսնում են գիշերները. «Նախ՝ թող անվտանգությունն ապահովեն, նոր՝ մտածեն միավորման մասին»:
 
Ակցիայի մասնակիցները պնդում էին՝ չեն բացելու ճանապարհը՝ մինչև իրենց խնդիրը լսելի չլինի:
 
ՀԺ-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ քաղաքացիների հետ այսօր հանդիպել է, խոսել համայնքի խոշորացման լավ կողմերի մասին. «Ներկայացրել եմ, որ խոշորացումը ոչ մի կերպ չի խանգարելու իրենց կյանքի բնականոն ռիթմին: Մեր մարզն ընդամենն ունենալու է 5 շրջան: Պայմանավորվել եմ համայնքի բնակիչների հետ, որ մոտ օրերս շրջելու եմ իրենց բնակավայրում, ավելի խոր ծանոթանամ խնդիրների հետ: Եթե կլինեն նաև այլ խնդիրներ, կփորձենք այդ խնդիրներին էլ լուծումներ տալ»:
 
Դիտարկմանը, որ քաղաքացիները անվտանգային խնդիրներ են բարձրացնում, ի՞նչ իրավիճակ է այժմ մարզում, մարզպետը նշեց՝ հանդիպում է ունեցել Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի հետ. «Մենք քննարկել ենք անվտանգային հարցերը, և շուտով մարզում անվտանգային միջոցառումներ կանցկացվեն: Այս պահին մտահոգվելու խնդիր չկա»,- եզրափակեց Սարգսյանը:
 
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն էին իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը