Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ


Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

  • 16-09-2021 20:23:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
 
Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են COVID-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:
 
Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստություն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:
 
Նախագահ Սարգսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված COVID 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play