Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ


Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ

  • 16-09-2021 20:30:22   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանը հայտնել է Բաքվին իր դիրքորոշումը Լաչինում սեպտեմբերի 6-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերաբերյալ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ադրբեջանա-թուրքական սադրիչ զորավարժություններին. ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Լաչինում չե՞ն խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորամիավորում:
 
«Ռուսաստանը հասցրել է իր դիրքորոշումը պաշտոնական Բաքվին: Այդ դիրքորոշումը ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից», - պատասխանել է Զախարովան՝ հավելելով, թե ձեռնպահ կմնա այդ հարցի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից:
 
«Մենք շփման մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ», - հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
 
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները Լաչինի շրջանում մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Դրանց նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության, « ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականների համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play