Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

  • 17-09-2021 10:05:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
 
Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:
 
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է  Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։
 
Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:
 
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն