Նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին


Նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

  • 17-09-2021 12:08:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
 
Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկո համակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։ 
 
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսնակյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը:
 
Խոսելով վերջին տարիներին ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրած աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ, ԵՄ աջակցությունը շարունակական կլինի:
 
Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ:
 
Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 
 
Քննարկվեցին նաև Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն