Հիմա լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է. Քոչարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին


Հիմա լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է. Քոչարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

  • 17-09-2021 12:47:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողներն իշխանական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետի հարցն ինչպե՞ս է լուծվելու, և արդյոք իրանական բեռները մի՞շտ են ստուգվելու այդ անցակետում:
 
Հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այդ հատվածը շրջանցելու ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են.
 
«Այո, կան բարդություններ, բայց այսօր էլ Կապանից դեպի Գորիս Տաթևով ճանապարհը շահագործվում է: Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է: Կառավարությունը որոշում կայացրեց մեկ միլիարդ դոլար ներդրումային ծրագիր իրագործել Քաջարան-Սիսիան ճանապարհի ուղղությամբ»:
 
Հարցին՝ ճի՞շտ են մամուլում առկա այն տեղեկությունները, որ Մոսկվայում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններից հետո հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, Քոչարյանն ասաց, որ հստակ պատասխան չի կարող տալ: 
 
«Ես չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո ընթանում են խորհրդատվություններ, ու, բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլ մտնելուց սկսած՝ մենք պետք է կարողանանք լարվածության թուլացման ու դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի»,- ասաց նա։
 
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան էլ ասաց՝ այս գործընթացների վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններում ցանկացած արձանագրված փաստ համապատասխան պետական խողովակների միջոցով տեղ է հասցվում հանրությանը։
 
«Այո, երբեմն մամուլում այնպիսի տեմպեր են ստանում լուրերը, որ կարիք կա դրանք հերքելու կամ հաստատելու: Մենք ևս այս մասով փորձում ենք հնարավորինս օպերատիվ լինել, որ հանրությանը չմոլորեցնեն դեղին մամուլի ներկայացուցիչները»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը