Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը, առանց պատասխանելու գլխավոր հարցին․ Պետք չէ վախենալ


Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը, առանց պատասխանելու գլխավոր հարցին․ Պետք չէ վախենալ

  • 17-09-2021 17:13:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ չենք հրաժարվելու փողոցային պայքարից: Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը: Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների», ԱԺ ճեպազրույցում հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
 
Ընդդիմությունն, այսպիսով, հայտարարում է փողոցային պայքարը վերսկսելու մասին, առանց պատասխանելու գլխավոր հարցին։ Խնդիրն այն է, որ պետականությանը սպառնացող վտանգները բխում են եռակողմ հայտարարության դրույթների կատարումից եւ հայաստանի հանդեպ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման հետեւանքով, ինչը ենթադրում է Արցախի հարցի փակումը, Հայաստանի տարածքի մասնատումը «դեմարկացիայի ու խաղաղության պայմանագրի» անվան տակ։ Ռուսաստանի առաջին դեմքերը օրը մի քանի անգամ պնդում են եռակողմ համաձայնությունների անվերապահ կատարումը եւ բոլոր խնդիրները, այդ թվում նույնիսկ եռակողմ հայտարարության մեջ չարձանագրված, պայմանավորում հենց դրանով։
 
Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, քանի որ նա ստորագրել է եռակողմ հայտարարությունը եւ կատարում է Մոսկվայի ու Բաքվի պահանջները։ Մյուս կողմից, հարց է՝ խորհրդարանական ընդդիմությունը, որը Փաշինյանի «խաղաղ դարաշրջանին» հակադրել է «արժանապատիվ խաղաղությունը» եւ խորհրդարանում այդպես էլ չի բարձրացրել Արցախի ճանաչման եւ վերամիավորման խնդիրները, դե՞մ է եռակողմ հայտարարության դրույթների ու Լավրովի պլանի իրականացմանը։
 
Ինչու ընդդիմությունը չի ցանկանում հեռացնել Նիկոլ Փաշինյանին հոդվածում անդրադարձել էինք այն խնդրին, որ ընդդիմության ռուսական հատվածի նախորդ շրջանի գործունեությունը կամա թե ակամա նպաստեց Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Փաշինյանի իշխանության «հիմքը» եռակողմ հայտարարությունն է, հիմա արդեն՝ մոսկովյան «պողպատե մանդատով»։ Ըստ այդմ, Փաշինյանի հետ միասին պետք է մերժվի նաեւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ անօրինական համաձայնությունների փաթեթը, ինչը կապահովի հանրային լայն շերտերի աջակցությունը։
 
Հակառակ դեպքում, կամա թե ակամա կարող է ստացվել մի իրավիճակ, երբ փաթեթի իրագործումն անշրջելի կդառնա, նույն մեխանիզմներով։ Դրանից հետո էլ ի՞նչ արժանապատիվ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Պետք չէ շարունակել ձեւ անել, թե այս ամենի մեջ Ռուսաստանը չկա, չնայած Մոսկվայից առավել քան բավարար խոստովանություններին։ Հիմա բոլորին ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը։ Պետք չէ վախենալ, եռակողմ փաթեթը պետք է մերժվի ամբողջությամբ՝ հայկական իրավունքների ուժով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը