Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 20 տարեկան է


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 20 տարեկան է

  • 17-09-2021 17:55:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակի առթիվ այսօր տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը, Վրաստանի ազգային մրցակցային գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն: Համաժողովին տեսակապով միացել են նաև ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին, Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը, Ուզբեկստանի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Շախրուխ Շարախմետովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հակամենաշնորհային մարմինների ղեկավարների տեղակալներ: Միջոցառմանը մասնակցում  էին պետական մարմինների ղեկավարներ, միջազգային կառույցների, ՀԿ-ների, բուհ-երի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: 
 
Բացման խոսքում փոխվարչապետ Գրիգորյանը շնորհավորել է ՄՊՀ-ի 20-ամյակի առթիվ՝ նշելով, որ հանձնաժողովը Հայաստանի նորանկախ Հանրապետության առաջամարտիկներից է, որը չի սահմանափակվում պարզապես օրենքների կիրարկմամբ, այլ շարունակաբար զարգացնում է մրցակցային մշակույթը Հայաստանում:
 
 Նա հատկապես բարձր է գնահատել և կարևորել է հանձնաժողովի գործունեությունն ու դերը COVID-19 համավարակի պայմաններում՝ սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում տիրող իրավիճակին հնարավոր հակամրցակցային գործողությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու և սպառողների շահերը պաշտպանելու նպատակով։
 
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հանձնաժողովի համար հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվելու համար:  Նա նշել է, որ գոյության 20 տարիների ընթացքում հանձնաժողովը  կայացման կարևոր ճանապարհ է անցել, բարձրացել են անկախության երաշխիքները, մարմնի դերի և նշանակության կարևորությունը: Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին մրցակցային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 կարևոր հենասյուների վրա՝ օրենսդրության կարգավորում, թվայնացում, մարդկային ռեսուրսների կառավարում և մրցակցության քարոզչություն:
 
«Այս տարիների ընթացքում մեծ բարեփոխումների են ենթարկվել ինստիտուտները: Այսօր չեք կարող տեսնել, որ շուկաներում կան արհեստական խոչընդոտներ, խնդիրներ, որոնք սահմանափակում են մրցակցությունը: Մենք հիմա անցել ենք դասական մրցակցային խնդիրների լուծմանը, ինչպես ամբողջ աշխարհում է, այսինքն՝ խնդիրներ, որոնք ստեղծվում են ոչ թե պետական ռեսուրսների կիրառմամբ, այլ տնտեսավարողների մրցակցության արդյունքում»,- ընդգծել է Գեղամ Գևորգյանը:
 
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը նշել է, որ այսօր Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը կարելի է համարել ամենարդյունավետներից մեկը ԵԱՏՄ համագործակցության շրջանակում՝ հավելելով, որ Հայաստանի մրցակցային մարմինը վաստակած հեղինակություն է վայելում ինչպես Միության անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների շրջանում, այլև միջազգային հարթակներում:
 
Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Ներկայումս Հանձնաժողովն անկախության բարձր կարգավիճակ ունեցող ինքնավար մարմին է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն