ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են մի շարք հայանպաստ օրինագծեր


ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են մի շարք հայանպաստ օրինագծեր

  • 18-09-2021 12:47:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Lragir.am. ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են փոփոխությունների առաջարկներ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին այս տարվա օրինագծում, գրում է Ամերիկայի ձայնը
 
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք կոնգրեսականներ օրերս հանդես են եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:
 
՛՛Այս փոփոխությունների կարևորությունը նրանում է, որ երկկուսակցական հիմքի վրա դեմոկրատներն ու հանրապետականները փոփոխություններ են առաջարկում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում՝ անդրադառնալով հայ ժողովրդի անվտանգության և մարդասիրական կարիքներին՛՛,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 
Ներկայացված փոփոխություններից կոնգրեսականներ Ջեքի Սփիեռի, Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալլոնի առաջ քաշած օրինագծերը միտված են արգելափակելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:
 
՛՛Ներկայացված են ութ բարեփոխումներ կոնգրեսականների կողմից, որոնք առնչվում են Հայաստանին ու Արցախին: Դրանցից երեքը հստակ կոչ են անում ամերիկյան կառավարությանը՝ դադարեցնելու ամեն տեսակի ռազմական օժանդակությունը և ռազմամթերքի տրամադրումը Ադրբեջանին՛՛,- ասում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:
 
Փոփոխությունների մասին մնացած օրինագծերը, կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Քարդենասի, Դեյվիդ Վալադաոյի և Դինա Թիթուսի հեղինակությամբ, պահանջում են անհապաղ ազատ արձագել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, դիտարկել Լեռնային Ղարաբաղում ամերիիկյան օգնության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ահաբեկչական կառույց որակել թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը:
 
”Վերջնական հաստատումից և օրենքի ուժ ստանալուց հետո այդ փոփոխությունները կդառնան վերահսկողության մեխանիզմ և կծառայեն վարչակազմի համար որպես ուղեցույց այս հարցերում: Ընդունման դեպքում վարչակազմը պետք է հետևի այս օրենքին՛՛,- նկատում է Արդունին:
 
Հաջորդ շաբաթ ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 20- ին Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը կքննարկի այս և բազմաթիվ այլ օրենսդրական առաջարկություններ՝ որոշելու համար, թե որ օրինագծերը կներկայացվեն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին: Ըստ ընթացակարգի՝ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո քննարկման կդրվի ԱՄՆ-ի Սենատում:
 
՛՛Կարևոր է, որ այս բարեփոխումներն անցնեն Ներկայացուցիչների պալատում, քանի որ այսպիսով ազդանշան կուղարկվի ԱՄՆ Սենատին: Այսպիսով, սա առաջին քայլն է այս տարվա Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման հարցում, որը ի վերջո պետք է դրվի նախագահ Բայդենի սեղանին՝ այն ստորագրելու համար՛՛,- հայտնում է Չուլջյանը:
 
Ամերիկահայ կառույցները վստահ են՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության կրճատումը կնպաստի տարածշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Նրանք լավատես են այս օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հարցում և երախտագիտությունն են հայտնում դրանք ներկայացրած կոնգրեսականներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն