Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են


Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են

  • 18-09-2021 19:31:17   | Հայաստան  |  Հասարակություն

Շենքի շինարարությունը կասեցվել է մինչև կավարտվի գործի քննությունը։

Այս մասին  հայտարարություն են տարածել Ֆիզգորոդոկի բնակիչները իրենց ֆեյսբուքյան էջում:

«Սեպտեմբեր 16-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով Ֆիզիկայի գիտավանի բնակիչների մի խումբ մասնակցեց հանդիպում-քննարկման, որի ընթացքում ԱԺ պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների համար ներկայացրեցինք ՖիզԳորոդոկում ընթացող ապօրինի շինարարության հետ կապված բոլոր խնդիրները: Ներկա էր նաև կառուցապատող Ռատկո ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը, ում հակափաստարկներն, հիմնականում, սահմանափակվում էին բնակիչների անձնական թիրախավորմամբ, ինչի շարունակական դրսևորումները և Մնացականյանի ագրեսիվ վարքն արձանագրեցին նաև մյուս ներկաները: Հանդիպման հաջորդ օրը պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և Գազպրոմ Արմենիայի տեսուչի ուղեկցությամբ այցելեցին ՖիզԳորոդոկ: Ռատկո ՍՊԸ-ն արգելեց բնակիչերին մուտք գործել ապօրինի շինհրապարակ, սակայն պաշտոնական հանձնախումբը կարողացավ ներս մտնել ու տեղում արձանագրել շինհրապարակի կազմակերպման խախտումները, տեսնել փորված փոսորակն ու դեռևս առկա վերգետնյա բետոնի հատվածը, որն ապացուցում է տեղում որևէ նկուղի բացակայությունը: Հանձնախումբը, մասնավորապես, արձանագրեց, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է: Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ ձեռնարկել են խնդրի խորքային ուսումնասիրություն` հողի ապօրինի օտարման գործընթացից մինչև շինաշխատանքների իրականացում: Ակնկալում ենք անաչառ և արդարացի փորձաքննություն, ինչի արդյունքում ի վերջո վեր կհանվի հանրային հողի ապօրինի զավթման ողջ պատմությունն ու այն օրենքի ուժով կվերադարձվի համայնքին: Երեկ տեղի ունեցած այցից մինչ այս պահը շինհրապարակում աշխատանքները դադարեցված են: 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն