ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են համատեղ լուծել տնտեսությանը և համավարակին վերաբերող հարցերը․ Օվերչուկ


ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են համատեղ լուծել տնտեսությանը և համավարակին վերաբերող հարցերը․ Օվերչուկ

  • 20-09-2021 14:43:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին համատեղ ջանքերով հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պանդեմիան։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
 «ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցությունը բավականին խոր արմատներ ունի։ Համատեղ ջանքերով կարող ենք միմյանց օգնել գտնել այնպիսի գլոբալ մարտահրավերների պատասխաններն, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը, համավարակը։ Միասին մենք կարող ենք հասնել լավագույն արդյունքների և անգամ գերազանցել դրանք։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք դրական արդյունքներ համատեղ առևտրի շրջանակներում՝ 17 տոկոսից մի փոքր ավելին»,- նշեց Օվերչուկը։
 
Նրա խոսքով, սակայն, ապրանքաշրջանառության ներկայիս արդյունքները չեն կարող գոհացնել ռազմավարական գործընկերներին, քանի որ հնարավոր է ավելի լավ, և պետք է անել ավելի լավ։
 
«Մենք լուրջ ներուժ ունենք, որպեսզի համատեղ առևտրի, ներդրումների ոլորտներում աճ գրանցենք, իսկ ամենակարևորը՝ մենք ունենք համագործակցության արդյունավետ գործիքներ։ ՌԴ և ՀՀ ձեռնարկատերերը պետության կողմից աջակցություն են ստանում, հնարավորություն կա ռուսական ինստիտուտների գործիքակազմն օգտագործելու։ Այս ամենը նպաստում է նրանց բիզնեսների զարգացմանը»,- ասաց ՌԴ փոխվարչապետը։
 
Նա հույս հայտնեց, որ բիզնես ֆորումի շրջանակում Հայաստանն իր համար նորովի կբացահայտի Ռուսաստանը։ Օվերչուկի պնդմամբ՝ ՌԴ-ն կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածքների համար։
 
«Մենք կանխատեսում ենք, որ այսօրվա միջոցառման արդյունքներով, կլինեն նոր համատեղ նախագծեր, որոնք թույլ կտան լուրջ քայլ անել երկկողմ հարաբերություններում»,- ընդգծեց Օվերչուկը և կոչ արեց երկու երկրների գործարար շրջանակներին ուսումնասիրել բացվող բոլոր հնարավորությունները՝ բոլոր ոլորտներում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը