Ամուսնու մահից 17 օր անց կյանքին հրաժեշտ տվեց Անահիտ Թոփչյանը

Ամուսնու մահից 17 օր անց կյանքին հրաժեշտ տվեց Անահիտ Թոփչյանը

  • 20-09-2021 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 20-ին, Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։
 
Նշենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացել էր Ալեքսանդր Թոփչյանը: 
 
Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
 
1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։
Նոյյան տապան   -   Հասարակություն