Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար


Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

  • 20-09-2021 19:38:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումար:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության  դատախազությունից, ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումար:
 
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի   3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար:
 
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն