30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս. Նախագահ Արմեն Սարգսյան

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս. Նախագահ Արմեն Սարգսյան

  • 21-09-2021 10:57:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ.
 
Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ,
 
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:
 
Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:
 
Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:
 
Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:
 
Լրանում է մի ժամանակաշրջանում,
 
երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի,
 
երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա,
 
երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու,
 
փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության,
 
միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:
 
30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:
 
Եվ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:
 
Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:
 
Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:
 
Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
 
Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:
 
Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:
 
Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:
 
Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...
 
Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:
 
Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:
 
Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:
 
Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:
 
Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:
 
Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:
 
Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:
 
Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:
 
Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:
 
Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:
 
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝
 
համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում,
 
միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ,
 
ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,
 
Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:
 
Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
 
Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:
 
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն