Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան


Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

  • 22-09-2021 15:42:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախատեսված պատվաստվելու կամ թեստավորվելու պահանջները չկատարելու դեպքում գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված աշխատանքային օրենսդրությունը լուծումներ չի առաջարկում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին աշխատանքից ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա:
 
«Եթե այս խնդիրը դիտարկում ենք աշխատանքային օրենսդրության համատեքստում, ապա  չկա որևէ կարգավորում, որևէ պահանջ, ըստ որի գործատուն աշխատողին կարող է ազատել աշխատանքից, եթե չի պահպանել հրամանով սահմանված պահանջները: Այո, հրամանը կա, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին չթեստավորման, չպատվաստման դեպքում ազատել աշխատանքից»,- ասաց Ժորա Սարգսյանը:
 
ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ մշակվել է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որը սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրված:
 
«Սա հնարավորություն է տալիս պետական իշխանության մարմիններին որպես գործատու համակարգել իր աշխատակիցների միջև հարաբերությունները: Այս նախագծով նախատեսվում է պարտականություն հանրային իշխանության մարմնի համար, այն է՝ թույլ չտալ հանրային ծառայողին մուտք գործել աշխատավայր, եթե չունի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված աշխատանքի ներկայանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանք երեքն են՝ թեստավորման, պատվաստման կամ հակացուցումների մասին փաստաթուղթ»,- ասաց Տիգրան Դադունցը: Եթե այս հիմքով հանրային ծառայողը չի ներկայանում աշխատանքի 30 օր անընդմեջ կամ տարվա ընթացքում 50 օր, ապա հանրային իշխանության մարմինը, որպես գործատու, պարտավոր է դադարեցնել տվյալ աշխատողի հետ հարաբերությունները:
 
Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծն առաջարկվող լուծում է միայն հանրային ծառայության ոլորտում և դեռ քննարկման փուլում է: Ստացվում է, գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված լուծում առայժմ չկա, և գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել չպատվաստվելու, չթեստավորվելու համար: Ու չնայած այս հանգամանքին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը պատվաստումների կամ թեստավորումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելու դեպքում տուգանելու է բոլոր գործատուներին:
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ հանրային ծառայության մարմին լինի, մասնավոր ընկերություն, թե պետական կառույց, տեսչական մարմինը տուգանելու է:
 
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերը չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ: Առաջին անգամ խախտման դեպքում 10-20 հազար դրամ նախատեսված է ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասաց Աննա Հարությունյանը:
 
Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ ստուգումների հետ կապված իրենց գործունեությունը մնում է նույնը: Այն, ինչ արվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուն զուգահեռ, շարունակվելու է առաջիկայում ևս: Պարզապես, մի շարք այլ պահանջներից բացի, հաշվի են առնվելու նաև թեստավորման ու պատվաստման պահանջները: Ստուգայցերի ժամանակ հաշվի են առնվում ռիսկային տնտեսավարողները, սակայն, ըստ Աննա Հարությունյանի, դա չի նշանակում, թե մյուս կազմակերպություններում ստուգայցեր չեն արվելու: Վերահսկողությունն ուղղորդվում է նաև իրազեկմամբ, բացատրական աշխատանքներով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը