Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է


Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

  • 22-09-2021 16:48:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր:
 
Դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
 
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սևանի բաժնի քրեական հետախույզների հետ։ Համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով Իջևանից Երևան ընթանալիս 75-ամյա կնոջը վրաերթի էր ենթարկել մայրաքաղաքի Մազմանյան փողոցի 60-ամյա մի բնակիչ։
 
Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
 
Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել։
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
`
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն