Սերժ Սարգսյանի չմերժված ավանդույթը. Զվարթ պապուասն ու ընտրյալը


Սերժ Սարգսյանի չմերժված ավանդույթը. Զվարթ պապուասն ու ընտրյալը

  • 22-09-2021 17:45:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Այսպես կոչված «էլեկտորալ ավտորիտարիզմի» դրսեւորում հանդիսացող նախկին վարչակարգից, բացի այս դասակարգումից, Փաշինյանի ռեժիմը ժառանգել է նաեւ ծիսականության կերպը: Դուխով ռաբիզը անվարժ սիմֆոնիկով հապշտապ փոխարինած՝ այն չի կարողացել հրաժարվել պարզամիտների համար նախատեսված ամենեւին ոչ էժանագին շոուներից: Սկզբունքային նենգափոխության հետեւանքները, որպես կանոն, երկար չեն սպասեցնում
 
Այդպիսին է ոչ վաղ անցյալը: Սեպտեմբեր 21-ի առիթով զինվորական շքերթներում բուտաֆորիան, այսինքն, բեմական կեղծիքը հին ավանդույթ է: Շքերթներում իբր «Տոչկա-ՈՒ» հրթիռ ներկայացվող կարտոնե գլանակներն ու կոները ԶՈՒ պատկանող մարտական մեքենաների վրա, ռռւսական ԶՈՒ պատկանող «Բուկ-Մ» ՀՕՊ համակարգերը, որեւէ բանի համար ոչ պիտանի «Կռունկ» հայկական ԱԹՍ-ները, երեւանյան օդում ցածր սավառնող ռուսական ՕՈՒ Սու-24 օդանավերը ռուս անձնակազմերով՝ ահա կեղծիքի ամենակարճ ցանկը:
 
2021-ին եւս ներկայացվեցին աթս-ներ: 168.am կայքի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար մեծ քանակով դրոնները պատվիրել է Ռուսաստանից։ Դրոնների ասպարեզում պատերազմը լիովին տապալած Հայաստանը որոշել է ուրիշի դրոններ ցուցադրել: Ու՞ր էին մեր դրոնները ճակատում: Հրետանու կրակը ուղղորդող դրոններից առաջին կադրերը տրվեցին կռվի ավարտից մի քանի օր առաջ միայն: Հայ հրետանին, ընդհակառակը լիովին անպաշտպան էր թուրքական եւ իսրայելական դրոնների կրակի առջեւ: Ահա իրական, ոչ շքերթային պատկերը:
 
Նույն պատկերն էր ՀՕՊ ասպարեզում: ՀՀ Զինուժի կազմում բացակայող «Բուկ-Մ»-երի դերը լրացնելու համար Մոսկվան առաջարկեց դրանք 102 ռազմակայանից վերցնել: Առաջարկի աստառը անմիջապես հայտնի դարձավ՝ դրանք բոլորը անսարք էին: Վատ փոխարինություն, բայց առկա «Օսաները» ամիսներ շարունակ Արցախում մնացին տեղում սառած, չնայած վարչապետ Փաշինյանը մի պահ պնդեց, որ «տեղյակ չէր միայն հարձակման ժամի ու ճշգրիտ տեղի մասին», այսինքն օրը գիտեր: Անշարժ ՀՕՊ-ը բայրաղտարների ու թշնամու հրետանու բաժին դարձավ, անպաշտպան թողնելով առաջնագծի եւ նույնիսկ թիկունքի հայկական գումարտակները:
 
Կարելի է գետնի վրա թե օդում պապուասներին շլացնող ցանկացած գունագեղ շոու ներկայացնել: Կարելի է բյուջեի միջոցներ վատնել համընդհանուր հավանության ինքնապատրանք ստեղծելու համար: Կարելի է զմայլվել բուտաֆոր զինատեսակներով: Այդ ամենը կարելի է մինչեւ X ժամ, երբ թշնամին քո իդիոտիզմի հաշիվը կներկայացնի քեզ ընտրած ժողովրդին: Զինատեսակները բուտաֆոր են, իսկ հազարավոր դագաղները՝ իսկական: Սա է «էլեկտորալ, այսինքն ընտրական ավտորիտարիզմի էությունը: Հետո կարելի է ասել «ինձ ասացին, որ պատերազմի հավանականությունը փոքր է», ես էլ «Հայաստան 2031» շնորհանդես ներկայացրի պատերազմից 3 օր առաջ: Ուրախ անցավ, բոլորը գոհ էին՝ ես էլ ընտրյալ:
 
Այս Սեպտեմբեր 21-ին եւս մեկ «Հայաստան 20XX» շոու տեսանք: Պատերազմի հավանականությունը հիմա ավելի մեծ է, քան 2020 սեպտեմբերի 27-ին: Պատրա՞ստ ենք ոչ բուտաֆոր նոր զոհերի: Դե ուրեմն, յալլա»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը