Չպատվաստվածների բուժումը պետությունը չպետք է իրականացնի


Չպատվաստվածների բուժումը պետությունը չպետք է իրականացնի

  • 23-09-2021 15:37:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը
 
Պարոն Թադևոսյան, Հայաստանում Covid-ով հիվանդացության թվերը դարձյալ սկսեցին աճել։ Ի՞նչ իրավիճակ է և ի՞նչ կանխատեսումներ ունեք։
 
Դեպքերն աճում են ամբողջ աշխարհում։ Դա «Դելտա» շտամի հետ են կապում, այսօր ԱՀԿ-ն հայտարարեց, որ դեպքերի 99 տոկոսը կապված է հենց «Դելտայի» հետ։ Մնացած շտամները փաստորեն շրջանառությունից դուրս են եկել։ Այստեղից էլ գալիս է ավելի ծանր ընթացքը, մահվան դեպքերի ավելացումը։ Դրան գումարվում է այն, որ մեզ մոտ սահմանափակումներ չեն կիրառվում, անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակ չեն կրում, իսկ վակցինացիայի ծրագիրը լրիվ տապալված է։ Այդպես էլ պետք է լիներ, եթե ոչինչ չես անում, ինչո՞ւ պետք է լավ իրավիճակի սպասես։
 
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր պահանջ, որ աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ երկու շաբաթը մեկ անգամ թեստավորվեն։ Այս որոշումն արդեն դժգոհության առիթ է դարձել, ի՞նչ արդյունք կտա այն։
 
Ես չեմ կարծում, որ դա շատ արդյունավետ կլինի։ Ես կառաջարկեի խրախուսական մեթոդներ կիրառել պատվաստվողների համար, ոչ թե պատժամիջոցներ կիրառել չպատվաստվողների նկատմամբ։ Օրինակ՝ պատվաստված անձանց կարող են ազատել դիմակ կրելուց, մշակութային միջոցառումների մասնակցելու անվճար հնարավորություն տալ և այլն։ Երկրորդ առաջարկը, որը ես կուզենայի, որ հասներ ղեկավարության ականջին, հետևյալն է։ Կա այսպիսի մոտեցում՝ եթե դու չես պատվաստվում, որովհետև համարում ես, որ դա քո գործն է, ապա բարի եղիր հիվանդանալու դեպքում բուժվել քո հաշվին։ Պետությունը պետք է իր ձեռքերը լվանա այդ դեպքերից, չպատվաստվածների բուժումը պետությունը չպետք է իրականացնի։ Այսօր հիվանդանոցները լեփ-լեցուն են։ Եթե չեմ սխալվում՝ մի քանի օր առաջ քննարկվում էր լրացուցիչ կովիդային մահճակալներ ծավալելու հարցը, որովհետև մեր եղած մոտ 1700 մահճակալը լցվել էր։ Ինչո՞ւ ես պետք է բուժեմ այն մարդուն, ով ինձ հիվանդանալու լրացուցիչ ռիսկի տակ է դնում, թող ինքն իր հաշվին բուժվի։ Անպայման տնտեսական կարգավորման մեթոդներ պետք է կիրառվեն, ամբողջ աշխարհում դա կա։
 
Իսկ այս մեթոդը, որը հոկետմբերի 1-ից փորձելու են կիրառել, մեծ արդյունավետություն չի ապահովի։ Նախ բացարձակ պարզ չէ, թե որոնք են դրա վերահսկման մեխանիզմները։ Երկրորդ, դա կբերի կեղծ փաստաթղթերի ավելացմանը, չգիտեմ՝ կկարողանան դրա դեմն առնել, թե ոչ։ Սա կիսատ-պռատ ընդունած որոշում է, օրինակ, ինչո՞ւ պետք է ուսանողը չպատվաստվի, իսկ դասախոսը պատվաստվի։ Սրա պատասխանը ո՞վ կարող է տալ, 40 կամ 80 ուսանող մեկ վայրում և մեկ դասախոս, ինչո՞ւ ուսանողները չեն պատվաստվում։
 
Ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը, համաճարակային իրվիճակը լարվա՞ծ է երկրում։
 
Եթե մենք ոչինչ չանենք, ավելի կլրջանա։ Սա միակ բանն է, որում ես վստահ եմ։ Այն մոդելը, որը որդեգրեց Շվեդիան, դարձյալ դուրս եկավ, որ այնքան էլ աշխատող մոդել չէ, երբ իրենք ասացին՝ բաց թողնենք ամեն ինչ, բնական ճանապարհով ստանանք համազգային իմունիտետ։ Մեզ մոտ մենք հույս ունեինք, որ կմարի թիվը, որովհետև մեր բոլոր հաշվարկներով՝ բնակչության զգալի մասը հիվանդացել է։ Եթե պաշտոնական տվյալներով մենք համարյա հասել ենք վարակակիրների ավելի քան 280 հազար թվի, և եթե ասում ենք՝ մեկին հինգ կամ մեկին տասը չգրանցված դեպքերի թիվն է, ստացվում է՝ մեր բնակչությունը հիվանդացել պրծել է։ Բայց դեպքերը շարունակվում են։ Այսինքն՝ ինչ-որ մի բան մեր հաշվարկներում սխալ է եղել։ Շտկել է պետք, այսինքն՝ պետք է վարքագիծ փոխել, պատվաստվել։ Պատվաստումներին այլընտրանք չկա։
 
Վիրուսի մուտացիաներն անընդհատ տեղի են ունենում, և ամենակայուն վիրուսը հաղթում է, մնացածը շարքից դուրս են գալիս։ Չնայած կա այլ տեսակետ, որ վիրուսը ժամանակի հետ թուլանում է և վերջիվերջո կթուլանա, որովհետև վիրուսին հետաքրքիր չէ բոլորին սպանելը, բա հետո ինքն ո՞ւմ հետ է ապրելու, որ օրգանիզմում։ Դրա համար վերջիվերջո մենք գալու ենք ինչ-որ բալանսի, համերաշխության, բայց այդ արանքում հսկայական մարդկային կորուստներ ենք ունենում։
 
Լրագրող Ռոզա Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը