Մինսկի խմբի համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը
25-09-2021 11:01:08 | Հայաստան | Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Գլխավոր դեբատի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները նաև երկու արտգործնախարարների հետ համատեղ հանդիպում են ունեցել: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը: Համանախագահները հայտնել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի կողմից ձեռնարկվող անհրաժեշտ գործողությունների ու քայլերի ողջ շրջանակին:
Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի ու ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդեի հետ՝ ներկայացնելով նրանց նախորդ տարվա իրենց ջանքերը, այդ թվում և ամենավերջին զարգացումները:
Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ կրկին ներգրավվել խաղաղության գործընթացում ուղղակի երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը` գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքն են»: