Ինչու ՄԽ հայտարարության մեջ թվարկված չեն «չլուծված հարցերը»


Ինչու ՄԽ հայտարարության մեջ թվարկված չեն «չլուծված հարցերը»

  • 25-09-2021 16:32:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի դեմ Արցախում ագրեսիայի մեկնարկից մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպումը: ՄԱԿ-ի գագաթնաժողովին տեսաուղերձով հանդես եկան Նիկոլ Փաշինյանը և Ալիևը, ինչպես նաև Էրդողանը:
 
ՄԽ ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ «համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»: «Չլուծված հարցերը» չեն թվարկվում, չնայած պարզ է, որ դա առաջին հերթին կարգավիճակի հարցն է: Համանախագահների հայտարարության մեջ, ինչպես նաև Փաշինյանի ելույթում, չի բարձրացվում կարգավիճակի հարցը: Ըստ երեւույթին, այս հարցում կա «կոնսենսուս»:
 
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, նա փորձեց քաղաքական գնահատական ​​տալ 2020 թվականի աշնանը տեղի ունեցածին: Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է ագրեսիայի», որն ուղեկցվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով: «Այս գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման», ասել է Փաշինյանը: Նա միաժամանակ նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը կայունության և անվտանգության երաշխավորն են»:
 
Նա հիշատակել է Ռուսաստանը, խոսելով նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին, վկայակոչելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ «ստորագրված Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը»:
 
Փաշինյանն ուղղակիորեն չի հայտարարել, որ Հայաստանը չի համաձայնի բացել «միջանցքներ», միայն ակնարկել է, որ ինքը կողմնակից է այն տարբերակներին, որոնք ուղղված չեն «մեկուսացման և թշնամանքի»։
 
Ընդգծելով, որ անհրաժեշտ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Փաշինյանը նշել է, որ «ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող լեգիտիմություն ստանալ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
 
Խոսելով առաջիկա սահմանազատման ու սահմանագծման մասին՝ Փաշինյանը կրկին հիշել է «խորհրդային ժամանակներից ժառանգած սահմանները»:
 
Նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը տատանվում է օրինական պահանջներ առաջադրելու հարցում ՝ նախընտրելով մնալ «կարգավորման» ռուսական ծրագրի շրջանակներում: Հղումները «խորհրդային սահմաններին», «եռակողմ հայտարարությանը» և «ռուս խաղաղապահներին» ցույց են տալիս, որ Փաշինյանը պատրաստ չէ հայտարարել «եռակողմ հայտարարությունների» սպառման մասին և բանակցությունները հասցնել միջազգային բարձր մակարդակի:
 
Արդյո՞ք Արարատ Միրզոյանը համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է այդ մասին, և արդյո՞ք դրանով է պայմանավորված համանախագահների հայտարարության մեջ «չլուծված հարցերի» ցանկի բացակայությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը