Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը

  • 01-10-2021 20:41:32   | Հայաստան  |  Հասարակություն

Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
 
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։
Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ։
 
Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
 
Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման անհրաժեշտությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն