Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​


Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​

  • 07-10-2021 13:00:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​ հետ:
 
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ ​ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների​ ու համագործակցության առաջ զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք փոխգործակցության մեծ ներուժ ունենք հատկապես մշակութային, կրթական, պատմական ժառանգության պահպանման և բազմաթիվ այլ ոլորտներում»։
 
Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինեն խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ. «Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը լավ հիմք է նաև ապագայի գործընկերության զարգացման համար»։ Քաղաքապետն ասել է, որ իրենք պատրաստ են բարեկամների հետ կիսվել փորձով ​ ու պատմական ժառանգության պահպանման իրենց գիտելիքներով։
 
Հանդիպմանը կարևորվել են երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, ընդգծվել ​ է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։
 
Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի​ կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը:
 
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել​ նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված​ «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը:
 
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել ​ Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն