Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

  • 07-10-2021 19:57:53   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Պապին է ներկայացրել հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումներն ու ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումները։
 
Այս լուսանկարներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում է հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:
 
Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի հետ անհատական ձեռքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:
 
Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս և ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:
 
Այնուհետև, Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին:
 
Այդ պահին նաև նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել Պապին:
 
Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, բացել թերթել և տեսել նաև դաժանությունների վերաբերյալ նկարները:
 
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել կարևոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այդ հարցը նույնպես քննարկել են:
 
Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն է հայտնել կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարել է նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:
------
Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցվել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:
 
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:
 
Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխանությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով:
 
 
Հանրային կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք