«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին. արաբագետ


«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին. արաբագետ

  • 08-10-2021 16:38:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին
 
Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Իրանի դեմ սանձազերծված բազմաշերտ արշավի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Թեհրանը տարածաշրջանային դերակատարներից միակն է, որը Երևանի հետ միասին բացեիբաց դեմ է հանդես գալիս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման միջանցքային թյուրքական նախագծին(«Զանգեզուրի միջանցք»)։
 
Չի բացառվում, որ լարվածության շարունականության ապահովման միջոցով Անկարա-Բաքու դաշինքը նպատակ է հետապնդում որևէ փուլում ենթադրվող բանակցային ձևաչափում Թեհրանի դեմ հստակ պահանջ դնել՝ հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը բացառելու ուղեգծից։
 
Մինչդեռ իրանական կողմի դիրքորոշումը, առնվազն առայժմ տեղ գտած դիվանագիտական մանևրներից և հռետորաբանությունից դատելով, տրամագծորեն հակառակ ուղղությամբ է։ Պաշտոնական Թեհրանն իր շարունակական հայտարարաություններով ոչ միայն շարունակում է գուժել «միջանցքային քողի» ներքո տարածաշրջանում սահմանային փոփոխությունների հեռահար ծրագրերի անթույլատրելիության մասին, այլև այս ուղեգծի իրացման ճանապարհին փորձ է կատարում ձևավորելու որևէ միասնական հակաթյուրքական առանցք՝ առայժմ գոնե Կովկասում և Մերձավոր Արևելքում։
 
Եվ չնայած արտաքուստ նաև Արևմուտքի շահերից է բխում Բաքվի հանդուգն ու սանձարձակ վարքը Թեհրանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» բացառման հարցում կա լուռ համախոհություն, որը բացահայտ կերպով երևում է նաև Հայաստանում Իրանի ու արևմտյան առանցքային պետությունների(ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա) դիվանագիտական ներկայացուցչությունների`  հաճախ նմանվող նպատակային գործունեության արդյունքում»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play