Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը


Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը

  • 09-10-2021 10:14:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: 
  
Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն: 
  
«Շատ կարեւոր է, որ առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ մի երկիր, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, եւ անձամբ ինձ համար շատ կարեւոր էր առաջին հերթին Մոսկվա գալը: Կարծում եմ՝ այցն ամբողջությամբ հաջողված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում առաջարկել է գնալ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային հարթակներում նախապես որոշ չափով քննարկելու դիրքորոշումները՝ ավելի համաձայնեցված աշխատելու համար:
 
ԱԺ նախագահի հետ զրույցում հաղորդման հեղինակը հետաքրքրվում է թե՞ հետաքրքրվել է մեր երկրում պատերազմի հետեւանքների հաղթահարման մասին:
 
«Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-ընդգծել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:
 
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Ադրբեջանի հետ հնարավոր շփումներին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ, Բաքվում կառուցում են, այսպես կոչված «ռազմավարի պուրակներ», ցուցադրվում են վառվող կամ զոհված հայ զինվորների մանեկեններ»:
 
Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի  իրադարձությունների շուրջ: ԱԺ նախագահը խոսել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, այդ երկրում պահվող հայ ռազմագերիների ու գերեւարված եւ անհետ կորած անձանց անհապաղ վերադարձի մասին:
 
«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչեւ սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա: Սրանք կարեւորագույն հարցերն են գերիների վերադարձի հետ մեկտեղ»,-ասել է Ալեն Սիմոնյանը:
 
Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմական Հայաստանին եւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play