Տերմինալից գողացել էին իրենց իսկ մուտք արած գումարը. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը


Տերմինալից գողացել էին իրենց իսկ մուտք արած գումարը. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

  • 13-10-2021 18:17:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները:
 
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր միջոցները: Տերմինալից գողության դեպքերը հազվադեպ երևույթ չեն, ոստիկաններն էլ հարուստ փորձ ունեն դրանք բացահայտելու գործում: Բայց այս անգամ կային առանձնահատկություններ: Նախ, սովորաբար նման բաներ լինում են մութ ժամերին, ոչ թե օրը ցերեկով, երկրորդ, խիստ կասկածելի էր գողոնի խոշոր չափը` ավելի քան երկուսուկես միլիոն դրամ:
 
Նույն օրը տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Վերլուծելով բոլոր առանձնահատկությունները և մշակելով վարկածներ` Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 12-ին: Մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա տղամարդն իր բնակավայրի մոտ հայտնաբերվեց առավոտյան ժամը ինն անց 25-ին, իսկ գործընկերը` Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչը, հինգ րոպե անց՝ իր տան մոտ: Գողություն կատարելու կասկածանքով երկուսն էլ բերման ենթարկվեցին, ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը: Նրանց ցուցմունքով հաստատվեց գողության մեխանիզմի վերաբերյալ քրեական հետախույզների ենթադրությունը: Նախօրոք պայմանավորվելով` նրանք նախ այդ նույն տերմինալից երկու միլիոն դրամ էին ուղարկել իրենց հաշիվներից մեկին, որը ստացել ու կանխիկացրել էին, ապա կոտրել էին տերմինալն ու հանել իրենց իսկ մուտք արած գումարը և դեռ 600 հազար դրամ էլ ավելի:
 
Երկու միլիոն 600 հազար դրամ գողոնը հայտնաբերվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play