Հզոր հերոսներ կերտած հայը․ ֆիլմ- հարգանքի տուրք՝ Վիշապաքաղ Վահագն և Հայկ Նահապետ կերտած քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին


Հզոր հերոսներ կերտած հայը․ ֆիլմ- հարգանքի տուրք՝ Վիշապաքաղ Վահագն և Հայկ Նահապետ կերտած քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին

  • 14-10-2021 13:11:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին նվիրված ֆիլմ է ստեղծվել, որը ներկայացնում է հայ մշակույթում քանդակագործի վաստակն ու ներդրումը։
 
Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ պրոդյուսեր Պետրոս Լագեսյանի «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ստեղծման մտահղացումը Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանինն է։ 
 
Կառլեն Նուրիջանյանի առաքելությունը մեր հերոսապատումները գալիք սերունդներին փոխանցելու մեջ էր․ և հենց այդ համատեքստում քանդակագործը հեղինակեց «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ.) և այլ գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։
 
Երբ կարդում ես անցյալի հերոսների մասին լեգենդները, ակամայից ի հայտ են գալիս Հայկի կամ Վահագնի ուրվագծերը, որոնք ստեղծել է Նուրիջանյանը: Բայց նրա անունը երբեք հայտնի չդարձավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, թեև Կառլեն Նուրիջանյանի քանդակները բազում հայկական կազմակերպությունների խորհրդանիշ են դարձել:
 
Կինոնկարում Կառլեն Նուրիջանյանի մասին են պատմում նրա ընկերներն ու հարազատները՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մենապարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանը, քանդակագործ, դրվագող Ներսես Չարխչյանը, նկարիչ, քանդակագործ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, արվեստաբան Արմեն Առուստամյանը, գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, Կառլեն Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանը։ Ներկայացնում են Նուրիջանյանի անցած դժվարին ուղին, պատմում նրա չիրականացված ծրագրերի՝ հատկապես «առասպելների այգու» մասին․․․
 
«Մեր նպատակն էր ֆիլմի միջոցով ոչ միայն հարգանքի տուրք մատուցել քանդակագործին, այլև էլ ավելի ճանաչելի դարձնել գործչին ու նրա անունը։ Գործչի, որին թեև անունով քչերն են ճանաչում, որը սակայն մեծ հետք է թողել հայկական մշակույթում և որի կերտած քանդակները մեր երկրի արժեքավոր զարդերն են»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը։ Նա հատուկ շեշտեց, որ Նուրիջանյանի՝ քերթողահայր Մովսես Խորենացուն նվիրված մեծադիր կոթողն անհետացել է, և ֆիլմի հեղինակները հորդորում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն այդ արձանի մասին, տեղեկատվություն փոխանցել իրենց։ Ֆիլմի ստեղծողները հույս ունեն գտնել նաև բացառիկ այդ հուշարձանը։
 
Կինոգետ Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը երկու նպատակ ունի՝ վառ պահել Նուրիջանյանի հիշատակը և վերականգնել հիշողությունը՝ բացահայտելով Նուրիջանյանին բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն նրա գործունեությանը։ 
 
Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանն էլ միջոցառման ընթացքում նշեց, որ շատ սիրում էր քեռիին, վերհիշեց, թե ինչպես էր օրերն անցկացնում նրա արվեստանոցում։ Նա շնորհակալություն հայտնեց ստեղծագործական թիմին՝ նման լավ աշխատանք ստեղծելու առթիվ։ 
Ֆիլմի շնորհանդեսը ուղեկցվեց ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի կատարումներով։ Նա ընդգծեց, որ մենք պետք է մեծարենք ու հիշենք մեր մեծերին՝ արժանին մատուցելով նրանց։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն