Հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ


Հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ

  • 15-10-2021 13:10:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:
 
Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանարպետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև ավտոմեքենան։ Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
 
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով), որի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:
 
ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:
 
Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն