«Կասպերսկի»-ն և ՀՀ ՄԻՊ-ը Երևանում անցկացրել են երեխաների կիբեռանվտանգության թեմայով երկրորդ սեմինարը


«Կասպերսկի»-ն և ՀՀ ՄԻՊ-ը Երևանում անցկացրել են երեխաների կիբեռանվտանգության թեմայով երկրորդ սեմինարը

  • 15-10-2021 15:50:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ հոկտեմբերի 15-ին Երևանում կազմակերպել են  «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով կրթական երկրորդ սեմինարը։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի միջնակարգ ուսումնական հաստատությունների «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող մանկավարժները և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները։
 
Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բանախոսել են «Կասպերսկի» ընկերության վեբ-բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն, որը ներկայացրել է «Մեծահասակները և երեխաները համացանցում. թվային սովորություններ» թեման, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իվետտա Շահբազյանը, որը ներկայացրել է «Թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը. երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և գործնականում դրանց ապահովման հիմնախնդիրները» թեման։
 
«Համավարակի շրջանում ներդրված հեռավար ուսուցումը նպաստեց, որ երեխաները, ծնողները և մանկավարժներն ավելի շատ առնչվեն թվային աշխարհին և այնտեղ առկա կիբեռսպառնալիքներին։ Դրանք գնալով ավելի հաճախ են դառնում նաև իրական աշխարհի սպառնալիքներ, և կարևոր է, որ մանկավարժները, որոնք երբեմն ծնողներից շատ են շփվում երեխաների հետ, ստանան և իրենց սաներին փոխանցեն կիբեռանվտանգության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։ «Կասպերսկի» ընկերությունը հսկայական փորձ է կուտակել այդ գիտելիքների գեներացման, համապատասխան ուսումնական ծրագրերի և երեխաների կիբեռպաշտպանության արդյունավետ տեխնոլոգիաների ստեղծման ու ներդրման բնագավառում՝ ներդնելով մասնավորապես «Safe Kids» ծրագիրը։ Այդ ամենն այս սեմինարի ընթացքում ներկայացվեց մանկավարժներին, որոնք նոր ստացած գիտելիքը կփոխանցեն երեխաներին՝ ավելի անվտանգ դարձնելով նրանց կյանքը թե՛ թվային, թե՛ իրական աշխարհում»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ 
 
Կրթական սեմինարի մասնակիցներն ունեցել են երեխաների կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։  
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ