Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը


Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

  • 16-10-2021 10:20:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական  հանձնաժողովի  հինգերորդ նիստը։
 
Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։ 
 
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
 
Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան   Բեդրիխ Կոպեցկին, երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։ 
 
Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և չեխական կողմի համանախագահները և երկու երկրների դեսպանները։
 
Վարոս Սիմոնյանը  նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։ Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։
 
Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․ «Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել  ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության», - ասել է Վարոս Սիմոնյանը։ Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։ 
 
Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ  Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա  գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան,  էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։  
 
Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։ 
 
Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ 
 
Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։ 
Հիշեցնենք, որ Մարտինա Տաուբերովան հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ 
 
Լրացուցիչ տեղեկատվություն
 
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի առևտրաշրջանառությունը Չեխիայի հետ 2021 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 15,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է 5%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 16,0 մլն ԱՄՆ դոլար): 2021թ․հունվար-օգոստոսին Հայաստանից Չեխիա արտահանումը կազմել է 2,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 1,5 մլն ԱՄՆ դոլար): 2021 թ․ հունվար-օգոստոսին Չեխիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 13,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է 9%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 14,5  մլն ԱՄՆ դոլար): 
 
2021 թ․ 1-ին կիսամյակում Հայաստանից Չեխիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են․ ալյումինե նրբաթիթեղ, էթիլային սպիրտ, սարքեր և սարքավորում ավտոմատ կարգավորման կամ ղեկավարման, էլեկտրական սարքավորում ներքին այրման շարժիչի վառման կամ գործարկաման, բջջային ցանցի կամ այլ կապի հեռախոսային ապարատ, այլ սարք՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալի ընդունման կամ հաղորդման, խմորման ենթարկված այլ ըմպելիք (խնձորի, տանձի սիդր, մեղրաըմպելիք), անտառանյութ՝ երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդած, չորացրած մրգեր։
 
2021 թ․ 1-ին կիսամյակում  Հայաստան Չեխիայից ներմուծված  հիմնական ապրանքատեսակներն են․ համակարգիչներ և դրանց բլոկներ, լվացող և մաքրող միջոցներ, խոշոր եղջրավոր անասուններ՝ կենդանի, վահանակ, բարձակ, սեղան, բաշխիչ վահան և այլ հիմք էլեկտրական ապարատի համար, բամբակի գործվածք, սարքեր և սարքավորումներ՝ ավոտմատ կարգավորման կամ ղեկավարման, զոդման սարք՝ էլեկտրական, լազերային և այլ գործողությունների միջոցով, ապակե սպասք, իրեր տան հարդարման կամ նման նպատակների։
 
Համաձայն ՀՀ արդարադատությն նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների` Հայաստանի Հանրապետությունում 31.03.2021 թվականի դրությամբ գրանցված է չեխական կապիտալի մասնակցությամբ 37 ձեռնարկություն (այդ թվում՝ ԱՁ):
 
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերին՝ Երևանում, հանձնաժողովի 4-րդ նիստը տեղի է ունեցել 2018թ․ դեկտեմբերի 19-20-ին՝ Պրահայում։ 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն