«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու,կամ սեփական բիզնես հիմնելու հարցում


«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու,կամ սեփական բիզնես հիմնելու հարցում

  • 18-10-2021 14:55:51   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկեց «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը: 
 
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները: Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաև բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաև անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:
 
Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական և գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն և նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ և դասընթացավարներ: 
 
Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը և մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները  հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար:
 
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշում է ծրագրի կարևորության մասին. «Այսօր իմաստալից կյանք ունենալու համար հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատանք: Այս ծրագիրը միտված է տալ երիտասարդներին հմտություններ, որոնք էլ կապահովեն նրանց այդ արժանապատիվ աշխատանքը»:
 
«Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը  հավելում է. «Բազմաթիվ երիտասարդներ ունեն  կարողություններ և նպատակ՝ բիզնեսում հաջողելու կամ թեև դժվարին, բայց հաջող կարիերա ունենալու համար, սակայն նրանք աջակցության կարիք ունեն։ Հանդիսանալով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անդամ՝ մենք 
 
շարունակում ենք բանկի երկարատև ավանդույթը. այն է`  հնարավորինս խթանել դրական ազդեցությունն այն երկրներում, որտեղ մենք  գործունեություն ենք ծավալում։ 
 
Էյչ-Էս-Բի-Սի-ն օգնում է սոցիալապես խոցելի մարդկանց՝ նպաստելով զբաղվածության աճին և բարելավելով ֆինանսական կարողություններն իր «Ապագայի հմտություններ, մեծ ազդեցություն» միջազգային ծրագրի ֆոնդի միջոցով։ Այս ծրագիրը հրաշալի օրինակ է ի ցույց նրա, թե ինչպես մեր գլոբալ ցանցի և հնարավորությունների միջոցով հնարավոր է դառնում նպաստել տեղական համայնքների զարգացմանը»։ 
 
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,959 միլիարդ ԱՄՆ դոլար: 
 
HSBC  Հայաստան 
 
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 299  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։
 
«Օրրան» ԲՀԿ
 
«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Նրա առաքելությունն է խոցելի խմբերի երեխաներին հավաքագրել փողոցից և ներգրավել կրթական, մշակութային և արհեստագործական գործունեության մեջ, ինչպես նաև աջակցել միայնակ և կարիքավոր տարեցներին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն