Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը. «Փյունիկ»


Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը. «Փյունիկ»

  • 19-10-2021 11:40:11   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները  ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարություններ. առողջական, հոգեբանական, ֆինանսական, հասարակության հետ ինտեգրման խնդիրներ: Միայն հասարակական տարբեր կազմակերպությունների և պետական որոշակի բարեգործական ու կրթական ծրագրերի շնորհիվ է, որ  այս երեխաները զարգանում են, հաղթահարում բազում դժվարություններ, ձեռք բերում ընկերներ, գրանցում հաղթանակներ: «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը  ոլորոտում առավելագույն արդյունավետությամբ աշխատած հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունն է ներկայացնում կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը: 
 
1988 թվականից հետո «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը» միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: «Դրանք դժվար տարիներ էին, չկային հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնող ու դրանց համապատասխան լուծումները ներկայացնող ՀԿ-ներ, խիստ խտրական էր հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ, բացարձակ անհարմար ու անմատչելի միջավայր»,- հիշում է Հակոբ Աբրահամյանը: Եվ այս տարիների գլխավոր ձեռքբերումն է համարում այն, որ նրանց հաջողվել է տարիների ընթացքում ծավալել մի գործունեություն, որի շնորհիվ մեր երկրում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և առկա հիմախնդիրների լուծումը առաջնային պլան է մղվել: Այսօր միանգամայն այլ է նաև կառավարության վերաբերմունքը հաշմանդամության խնդիրներին: Դա նկատելի է թե ՀԿ-ների հետ համագործակցության ոլորտում, թե միջավայրային հարմարեցումների, ինտեգրման և կրթական ծրագրերի ոլորտում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հակոբ Աբրահամայանը վստահեցնում է, ո ր մոտ ապագայում մեր երկիրը կդառնա տարածաշրջանում ամենամատչելի ու հարմարեցված երկիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար: 
 
Այս նպատակին ընդառաջ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 16  հասցեում կառուցել է փոքրիկ հյուրանոց՝ ամբողջությամբ հարմարեցված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Ներկայացնում է Հակոբ Աբրահամյանը. «Հյուրանոցը շահագործման է հանձնվել անցյալ տարի աշնանը: Սա Երևանում միակ հյուրանոցն է, որն ամբողջությամբ նախատեսված է նաև անվասայլակով տեղաշարժվողների համար: Ծրագրի ավարտը համընկավ 44 օրյա արցախյան պատերազմի սկսվելու հետ ու մենք մեր հյուրանոցը 6 ամսով անվճար տրամադրել էինք Հադրութից փախստական ընտանիքների՝ ընդհանուր 18 հոգի: Նրանց մեջ կար նաև վիրավոր ու անվասայլակով տեղաշարժվող զինվոր: Նրանք բոլորը արդեն տեղափոխվել են Արցախ: Հյուրանոցը կօգտագործվի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Առաջիկայում հաշմանդամություն ունեցող հյուրեր կունենանք Ռուսաստանից: 
 
Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը, որն ավարտելուց հետո կունենանք 40 հոգու հյուրընկալելու հնարավորություն: Կլինի նաև վերականգնողական կենտրոն, որովհետև շենքում կա նաև պրոթեզարան: Սա հնարավորություն է տալիս ամբողջական վերականգնողական ծրագրեր իրականացնել հենց տեղում, հատկապես պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար»: 
 
  Հյուրանոցը կառուցվում է SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ ծրագրեր են իրականացնում նաև Գյումրիում: Հեռահար նպատակներից է նաև նմանատիպ ծրագրերի իրականացումը Արցախում: 
 
«Փյունիկը» կայուն գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Տարեսկզբից սկսել ենք նաև սերտորեն համագործակցել  Ֆրանսիայի Վար էստ քաղաքի Ֆրանս-Հայկական բարեկամության ասոցիացիայի հետ (Association Amitie Franco-Armenienne Var Est). Փյունիկի բարեկամների մի ամբողջ խումբ է ապրում այս քաղաքում և պատերազմը սկսվելուն պես նրանք «Փյունիկի» նախկին աշխատակցուհի Ալինա Վարդանյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և սկսեցին հայրենիքին օգտակար լինելու գործունեություն՝ հավաքագրելով և Հայաստան ուղարկելով  բազմաթիվ օգտակար պարագաներ: 
 
Պատկառելի քանակության մարդասիրական օգնություն տրամադրեց նաև «Ազնավուր» հիմնադրամը, որը հիմնականում բաժանեցինք պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին:
 
«Այդ համագործակցությունների շնորհիվ  պատերազմի ընթացքում և հետո գործընկեր կազմակերպություններից ստացել ենք մեծաքանակ մարդասիրական օգնություն. անվասայլակներ, քայլակներ, հենակներ, օժանդակ միջոցներ, հագուստ, բժշկական պարագաներ: Պատերազմի մեկնարկից ի վեր մեծ քանակությամբ բաշխում ենք իրականացրել ու իրականացնում: ԱՄՆ-ից՝ մեր նոր գործընկերոջից՝ «Արմենիան հերոյից» («Armenian Hero») նույնպես  նոր բեռնաքանակ ստացանք բոլորովին վերջերս: Մեծ քանակությամբ վերմակներ տրամադրեցինք նաև   դիրքապահներին: Ի դեպ այս բեռի մեծ մասը հավաքել էին երկու երկվորյակ քույրեր՝ Էմմա և Ջեմմա Պողոսյանները:  Այս հայրենասեր երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայել ֆինանսական միջոցներ և օգտակար իրեր հավաքագրելու և հայրենիք ուղարկելու գործում: 
Իհարկե կան նաև անհատ բարերարներ, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում կազմակերպության բազմաբնույթ ծրագրերին:»: 
Բարերարների ու գործընկեր կազմակերպությունների շնորհիվ «Փյունիկի» շահառուները, հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները ստանում են բազմակողմանի օժանդակություն:
 
 Այս գործունեությանը զուգահեռ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր  տարեկան ֆիքսված ծրագրերը. «Ամեն տարի  իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր», որի շրջանակում ընդգրկված  մոտ 200 հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են լոգոպեդի, սոցաշխատողի, ֆիզոթերապևտի, հոգեբանի սոցիալական մանկավարժի ծառայություններ: Ծառայություններն անվճար ենք մատուցում, իսկ տևողությունը կախված է երեխայի վիճակից. 3-6 ամիս կարող է տևել: Քովիդ 19 համավարակի պատճառով այս տարի ծրագիրը մեկնարկել է հուլիս սկզբից»:  
 
 Անդրադառնալով մատչելիության խնդիրներին, պետք է նշել որ միայն միջավայրի հարմարեցումները բավական չեն: Լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել նաև կրթության մատչելիության  և աշխատանք ունենալու հնարավորություն: «Փյունիկի» Երևանի և Գյումրիի կենտրոններում   գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության և խեցեգործություն, երաժշտական թերապիայի խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի ծառայություններ՝ անվճար հիմունքներով:
 
Միության շահառու մի խումբ երեխաներ,  Երևանի  Գեղարվեստի 5-րդ ուսումնարանի հետ համագործակցության շրջանակում անվճար սովորում ու տարբեր մասնագիտություն են ստանում: Նրանք նույնիսկ կրթաթոշակ են ստանում: Մի քանիսն արդեն  լուրջ հաջողություններ ունեն ոսկերչության, փայտի փորագրության ոլորտներում: 
 
«Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի: Այս ուղղությամբ շարունակաբար ծրագրեր ենք մշակում  ու իրականացնում: Համագործակցել ենք Սեյվ դը չիլդրն և USAID-ի կազմակերպությունների, տարբեր գործատուների հետ և մի խումբ երիտասարդների ուսում ստանալուց հետո օգնել ենք աշխատանք գտնելու հարցում:  Նրանցից մի քանիսը աշխատում են հենց մեր կենտրոնում: Օրինակ՝ մեր նկարչության և ասեղնագործության խմբակների ուսուցիչներ հաշմանդամություն ունեն: Մեր շահառուներից շատերը աշխատում են նաև ԱԻՆ-ում, ՄՏՍ-Վիվա-Սելլում,  սերտորեն համագործակցում ենք Սոցապ նախարարության հետ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման և մասնագիտության ձեռքբերման հարցերում: Ի դեպ մեր շահառուները շարունակում են մեր հովանու ներքո մնալ նաև 18 տարեկանը լրանալուց հետո: Նրանք շարունակում են ներգրավվել մեր միջոցառումներում ու բազմաթիվ ծրագրերում: 
 
Իր 32 տարվա գործունեության արդյունքում «Փյունիկը»  դարձել է մի մեծ ընտանիք: Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ունենք, որ մեր ճամբարներում են ծանոթացել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել»,-ասում է միության ղեկավարը: 
 
Իր գործունեության ամբողջ ընթացքում կազմակերպությունը  անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում  իր շահառուներին: Տարիներ առաջ համագործակցել է  «Անվճար սայլակների առաքելություն» ամերիկյան կազմակերպության հետ և մոտ 1500 սայլակներ է բաժանել ՀՀ ամբողջ տարածքում: Միությունն ունի նաև սայլակների վերանորոգման արհեստանոց, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցող տղաներ են աշխատում: Ի դեպ,  «Փյունիկի»  բազմաբնույթ ծրագրերից օգտվում են ոչ միայն  Երևանի շահառուները. « 1997 թ. Գյումրիում բացվեց մեր մասնաճյուղը: Այն գործում է հարմարեցված ու մատչելի շենքում և իրականացնում նույն կրթական, վերականգնողական, ուսուցողական, սոցիալական ծրագրերը»:  «Շուտով այնտեղ կկառուցվի նոր շենք, որը մենք պատրաստվում ենք դարձնել ուսումնամարզական և լեզուների ուսուցման կենտրոն: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի կներգարվենք նաև սոցիալապես անապահով խավի երեխաների: Ծրագիրն իրականացելու համար այս պահին  բանակցում ենք  Ռուսաստանում գործող  հայկական կառույցների հետ »,- մանրամասնում է Հակոբ Աբրահամյանը:  
 
Վերոնշյալ ձեռքբերումներին Հակոբ Արբրահամյանը հավելում է վերջին կարևորագույնը. հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները իրենց աջակցության շնորհիվ կարողանում են մասնակցել Պարալիմպիկ խաղերին: «Համարում ենք, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է: Այն ավելացնում է նրանց ինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը: Դրա համար էլ պարբերաբար կազմակերպում ենք ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, ցանկացողները մարզվում են մեր կենտրոններում գործող մարզադահլիճներում: 
 
Մեր օգնությամբ  հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ ՀՀ-ը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում՝ ինչպես  Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, այնպես էլ Պարալիմպիկ Խաղերում: Մեր նախընտրելի մարզաձևերն են. առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, հաշմանդամների  ծանրամարտ, սեղանի թենիս, լող, պարականոե, պարաթեքվանդո, սայլակավազք, բոչիա և այլն»:
 
«Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաբնույթ ու պրոֆեսիոնալ  գործունեության շնորհիվ կյանքում հաստատվել և իրենց կայուն տեղն են գտել ու դեռ կգտնեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ:  
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն