Սնվիր հայերեն, պատրաստիր հայերեն. Երեմյան Ակադեմիան հյուրընկալել էր «Մեղու» մրցույթի մասնակիցներին


Սնվիր հայերեն, պատրաստիր հայերեն. Երեմյան Ակադեմիան հյուրընկալել էր «Մեղու» մրցույթի մասնակիցներին

  • 19-10-2021 15:07:47   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի խոհանոցում մեծահասակների փոխարեն պատրաստում էին դպրոցահասակ երեխաները, ովքեր Ակադեմիա էին հյուրընկալվել «Այբ» կրթական հիմնադրամի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի շրջանակում։ 
 
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի ընթացքում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում  անցկացվում են հատուկ թեմատիկ միջոցառումներ՝ նվիրված հայերենին ու մեր ինքնության պահպանմանը։ Ակադեմիայում այցը կազմակերպվել էր «Սնվիր հայերեն» արշավի շրջանակում. նպատակն էր երեխաներին ծանոթացնել հայկական մշակույթին, ավանդույթներին, ազգային խոհանոցի պատմությանն ու առանձնահատկություններին, ցույց տալ հայկական ուտեստների համն ու հոտը, բացառիկությունն ու առողջարարությունը, միաժամանակ նպաստել հայապահպանության ու հայկական ինքնության վերաբերյալ գիտակցության բարձրացմանը։ 
 
Այցելության ընթացքում երեխաները նախ մասնակցեցին տեսական դասընթացին, որի ընթացքում Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի «Ազգային խոհանոցի պատմություն» ծրագրի դասընթացավար, գրող, հրապարակախոս և պատմաբան Վահե Լոռենցը ներկայացրեց հայկական խոհանոցի ձևավորումն ու պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից։ Այնուհետև երեխաները Ակադեմիայի խոհանոցում պատրաստեցին հայկական ավանդական ուտեստներ և համտեսեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստածը։ 
 
Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը նշում է. 
 
«Հատկապես այսօր հայկական արժեհամակարգի պահպանմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունելի է։ Երեմյան Ակադեմիան էլ, հավատարիմ մնալով իր գործունեության սկզբունքներին և առաքելությունը, ոչ միայն նախաձեռնում, այլև մեծ պատրաստակամությամբ աջակցում է նմանատիպ միջոցառումներին, որոնք ուղղված են մեր ազգային խոհանոցի ավանդույթների վերհանմանն ու դրանք գալիք սերունդներին փոխանցմանը։ Սա շատ լավ առիթ էր երեխաներին մեր մշակույթին ծանոթոցանելու և պատմելու համար։ Երեխաները սիրով լսեցին տեսական դասընթացը, հետաքրքիր հարցեր ուղղեցին մեր դասընթացավարին, իսկ արդեն խոհանոցում իրենց ձեռքերով պատրաստեցին ավանդական ղափամա և Արցախի փախլավա»։ 
 
«Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանն էլ հավելեց, որ հայերենի պահպանումը հնարավոր է ոչ միայն լեզվի, այլև մշակույթի ու նաև  խոհարարական ավանդույթների վերհանման միջոցով.
 
«Հայկականությունը ոչ միայն լեզուն է, այլև՝ մեր մշակույթը, ծեսերը, սովորույթներն ու նաև խոհանոցը։ Շատ կարևոր է հայերենի պահպանմանը միտված այս նախաձեռնությանը գաղափարապես աջակցելն ու նույն տեսլականը կիսելը, այդ իսկ պատճառով էլ «Սնվիր հայերեն» և «Պատրաստիր հայերեն» ծրագրերը որոշեցինք իրականացնել հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի հետ։Ընկերությունը Հայաստանում եզակիներից է, որի գործունեությունը միտված է նաև հայկական խոհարարական ավանդույթների և մշակույթի պահպանմանն ու տարածմանը»։ 
 
Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան էր այցելել շուրջ երեսուն երեխա՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։
 
Մասնակիցներից տասնամյա Դավիթ Դաղբաշյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց. 
 
«Այսօր նոր պատմություններ լսեցինք, օրինակ՝ թե ինչպես են ապրել մարդիկ  հին ժամանակներում, ինչպես են առաջացել ուտեստները, ինչ գործիքներ են եղել խոհանոցում և այլն։ Հետո խոհանոցում մնացած երեխաների հետ միասին ղափամա պատրաստեցինք, ինչը շատ հետաքրքիր էր բոլորիս համար։ Մեծ հաճույքով նորից կմասնակցեմ այսպիսի միջոցառումների»։
 
Քասախ գյուղից Սարգսյան Արմենուհին ևս Ակադեմիայից հեռացավ իր համար նոր բացահայտումներով. 
 
«Հայկական խոհանոցի մասին պատմություններ լսեցինք, փախլավա ու ղափամա պատրաստեցինք։ Ամենաշատը հավանեցի նոր ու հետաքրքիր պատմությունները, իմացա, որ առաջին պարն ու առաջին զենքը հենց հայկական խոհանոցից են ծագել»։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play